Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Քաղցրություն, որն իր հիշողության մեջ պահել է երբեմնի դառնությունը

Քաղցրություն, որն իր հիշողության մեջ պահել է երբեմնի դառնությունը
16.04.2024 | 07:18

Սիրտս քաղցր էր ուզում։ Տանը լիքը քաղցր կար՝ շոկոլադ, խմորեղեն, խտացրած կաթ, բայց, մի տեսակ, ուրիշ քաղցր էի ուզում, մի քիչ դառնահամ քաղցր՝ որ քիմքդ չի վառում, այլ թեթև ա, շոյելով անցնում ա ու մեղմ հիշողություն թողնում բերանում։ Փորփրեցի դարակներս, ծիրանի ջեմ գտա։ Ոչինչ, մի քիչ մոտ էր, բայց էն չեր։ Էլի նայեցի, մեկ էլ դարակի խորքերում մատներս սառը ապակու կպան՝ բանկայով ինչ-որ բան էր։ Հանեցի․․․ Ինքն էր, հենց էն, ինչ ուզում էի՝ պոպոքի մուրաբա՝ մուգ հյութի մեջ լողացող սև, փայլուն պոպոքներով։

Պոպոքի մուրաբայի քաղցրությունն ուրիշ ա, մի տեսակ, ազնվական քաղցրություն ա՝ սև, հղկված քաղցրություն։ Սև նշանակում ա դառը, դրա համար էլ՝ քաղցր դարձած սևն առանձնահատուկ քաղցրություն ունի, ինչպես տուն վերադարձած մոլորված որդին, ինչպես ատելությունից հետո բռնկված սերը, ինչպես անձրևից հետո դուրս եկած արևը։ Դա քաղցրություն ա, որն իր հիշողության մեջ պահել ա երբեմնի դառնությունն ու հարստացել դրանով, քաղցրություն, որը չի մոռացել իր դառնությունը։

Սև, փայլուն պոպոքը գդալով հանում ես բանկայի միջից, դնում բերանդ, ու առաջինը պոպոքի վրա մնացած հյութի քաղցրությունն ես զգում, որ տարածվում ա մինչև լեզվիդ խորքերն ու ծնոտներդ սեղմելու անկառավարելի ռեֆլեքս առաջացնում։ Ատամներդ սեղմում ես, պոպոքի փխրուն պատերը տեղի են տալիս, ու սև, փայլուն քաղցրությունը լցվում ա բերանդ։ Սկսում ես մեղրամոմի նման ծամել միջուկն ու կաթիլ-կաթիլ քամել քաղցրությունը, մինչև պոպոքը խյուս ա դառնում, ու կուլ ես տալիս։ Հետո գդալով մի քիչ հյութ ես լցնում բերանդ ու վրայից մի կում տաք թեյ խմում։ Ու քաղցրությունը բացվում ա, տարածվում բերանովդ։ Նրան հենց էդ ջերմությունն էր պետք, որ իրան զգա անցյալ տարի իրան ծնունդ տված մայր ճառագայթի ջերմ գրկում ու մանկան նման բացվի։

Ես հիշում եմ, թե ոնց էր մաման պոպոքի մուրաբա սարքում։ Դա երկար ու ջանջալ գործ էր՝ շատ աշխատատար։ Կանաչ պոպոքը կեղևահան էր անում, օրերով ջրի մեջ պահում, մինչև սևանում էր, հետո շիբի մեջ եռացնում էր, հետո շաքարի ու համեմունքների մեջ էր եռացնում, լցնում բանկաների մեջ, փակում։ Կարող ա շաբաթներ տևեր։ Ես գնում-գալիս էի, նայում էի մեծ թասի մեջ սեփական յոդով յոդայրուք ընդունող փայլուն պոպոքներին, բերնիս ջուրը գնում էր, բայց չէի կարա մի հատ վերցնեի, բերանս գցեի՝ դեռ շուտ էր։ Պոպոքի մուրաբան երկար հասունացող, դժվար ստեղծվող ա, դրա համար էլ՝ իսկական համ ունի՝ հարուստ, մնայուն, ինչպես դժվար ստեղծվող ցանկացած բան։ Հիմա երևի քչերն են էդքան տանջվում, որովհետև էն երկար փուլերն արդեն արված-պատրաստ պոպոք են վաճառում, որ առնես ու արագ սարքես մուրաբան։

Պոպոքի մուրաբան իր կնիքն էլ ուներ։ Պոպոքը մաքրելիս ձեռքերը սևանում էին։ Էդ սևն օրերով մնում էր ձեռքերին, չէր լվացվում, բայց չէր էլ անհանգստացնում. դրա համար մարդիկ չէին ամաչում։ Երբ փողոցում սևացած ձեռքերով կին էիր տեսնում, գիտեիր, որ նրանց տանը ծնվել ա պոպոքի մուրաբա, ու նախանձում էիր։ Էդ ձեռքերի սևությունը բոլորը ճանաչում էին, ինչպես, ասենք, հողագործի ձեռքերի կոշտությունը։ Բոլորը գիտեին, որ դա կեղտ չի, այլ քաղցրության համար պայքարի հետքերն են, որ էդ ձեռքերով սևության վրա արևի իշխանությունն ա հաստատվել մի առանձին վերցրած բանկայում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6812

Մեկնաբանություններ